ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այս քարոզչությունը ինտենսիվորեն տարվում է արդեն մեկ ու կես տարուց ավելի

Այս քարոզչությունը ինտենսիվորեն տարվում է արդեն մեկ ու կես տարուց ավելի
08.05.2024 | 06:57

Վերջերս հայկական տեղեկատվական տիրույթում մեծ աղմուկ հանեց, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հեռուստաընկերության բացումը։ Ասեմ, որ նման հեռուստաընկերություն Ադրբեջանում գործում է դեռ անցած տարվա հուլիս ամսից, հիմա միայն շենքի բացման արարողությունն է տեղի ունեցել։

Դրանից բացի, նաև նշեմ, որ Ադրբեջանում դա միակ հեռուստաընկերությունը չէ, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական»։ Ադրբեջանում նման քարոզի լծված են բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում՝ պետականները։ Ավելին, այդ հրահանգը պետությունն իջեցրել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Ալիևի ելույթից հետո, որտեղ Ադրբեջանի ղեկավարը բառացի ասել է․ «Հայաստանը երբեք չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ Սա տեղի է ունեցել Փաշինյանի կողմից Արցախն ու անկլավները Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այսպես էր, էլի, Ալիևը ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Անցած տարվա մարտ ամսից էլ ադրբեջանական «Baku.tv» հեռուստաընկերությունը մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»։ Այստեղ ՀՀ բոլոր մարզերը, գյուղերը, քաղաքները ներկայացվում են որպես «ադրբեջանական» տարածքներ։

Վերջերս իրենց թողարկումներից մեկում բառացի նշել էին. «Արևմտյան Ադրբեջանի տարեգրություն» նախագծի նպատակն է պահպանել և հանրահռչակել մեր պատմական և հնագույն հողերի անվանումը, ինչպես նաև հայերի կողմից ադրբեջանցիների տեղահանման փաստերը։ Վեր հանել այն տեղանունները, որոնք գոյություն ունեին այդ տարածքներում՝ համաշխարհային հանրությանը փոխանցելով այն փաստերը, որոնք հաստատում են, որ այդ տարածքը զուտ օղուզ-թուրքական բնակավայր է։Ինչպես ասաց Իլհամ Ալիևը՝ Արևմտյան Ադրբեջանի մասին. «20-րդ դարի սկզբի քարտեզը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի պատմական հողն է, քաղաքների և գյուղերի անունները ադրբեջանական ծագում ունեն, և մենք շատ լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա Հայաստանի տարածքում։ Հիմա գլխավոր խնդիրն է այդ մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը» ։

Այս քարոզչությունը ինտենսիվորեն տարվում է արդեն մեկ ու կես տարուց ավելի, իսկ այդ ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն հազիվ մեկ անգամ անդրադարձած լինի այս թեմային, փոխարենը իրենց գլխավոր գործառույթը դարձել է Ադրբեջանի բռնապետական ու ագրեսիվ իմիջը փոխելը, դրանով են զբաղված իրենց շփումներում, երբ պատերազմով ձևավորված իրողությունը ներկայացնում են որպես «ձեռքբերում»։

Մի խոսքով, ամբողջությամբ դարձել են Ադրբեջանի ԱԳՆ-ին կից կառույց։ Բայց եթե այս թեզը խելացի օգտագործվեր, սա կարելի էր դարձնել Ադրբեջանի ղեկավարության համար մեծ գլխացավանք, այնքան, որ իրենք ռիսկ չանեին անգամ այս թեման արծարծել։ Բայց դրա համար քաղաքական կամք ու գիտելիք է պետք։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ